Դավիթ Անհաղթը կրթությունն ստացել է Ալեքսանդրիա քաղաքում: Աթենքում և Կոստանդնուպոլսում մասնակցել է փիլիսոփայական հրապարակային բանավեճերի, իր գիտելիքներով և ապացուցելու արվեստով հաղթել բոլորին, որի համար ստացել է Անհաղթ պատվանունը:
Նա փիլիսոփայությունը բաժանել է 2 մասի՝ տեսական և գործնական: Տեսական փիլիսոփայության ենթաբաժիններն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան, գործնական փիլիսոփայությանը՝ բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքագիտությունը:
Ըստ Դավիթ Անհաղթի՝ փիլիսոփայությունը մարդուն տրված աստվածային պարգև է, որը կոչված է լուսավորելու, ազնվացնելու ու գեղեցկացնելու մարդկային հոգին և այն փոխադրելու նյութական աշխարհից դեպի աստվածայինը: Աշխարհի ճանաչման գործընթացն ունի 2 ձև՝ զգայական և բանական: Փիլիսոփայության ճանաչման առարկան ոչ թե առանձին իրերն են, այլ նրանց էությունը, ընդհանուրն ու անփոփոխը, որ առկա է իրերի և երևույթների մեջ: