Ծնվել է՝ փետրվարի 22, 1857թ.:
Մահացել է՝ հունվարի 1, 1894թ.:
Գերմանացի ականավոր ֆիզիկոս:
Հերցը եղել է Կառլսռուեի բարձրագույն տեխնիկական դպրոցի, այնուհետև` Բոննի համալսարանի պրոֆեսոր: Նա հիմնականում փորձարար գիտնական էր. փորձով ապացուցել է էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը և իր ստեղծած վիբրատորի (թրթռիչ) օգնությամբ հետազոտել դրանց հատկությունները: Ապացուցել է նաև լույսի էլեկտրամագնիսական բնույթը, հաստատել Մաքսվելի այն տեսակետը, որ օդում էլեկտրամագնիսական ալիքների և լույսի տարածման արագությունները նույնն են:
1886-87թթ.-ին առաջինն է դիտել ու նկարագրել արտաքին ֆոտոէֆեկտը: Ուսումնասիրել է կաթոդային ճառագայթների հատկությունները, հետազոտել անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն էլեկտրական պարպման վրա: Մեխանիկային վերաբերող իր աշխատանքներում Հերցը տվել է առաձգական գնդերի հարվածի տեսությունը: Ելնելով մեկ միասնական սկզբունքից, որ այժմ հայտնի է որպես Հերցի սկզբունք, արտածել է մեխանիկայի ընդհանուր թեորեմները: